Մենք բոլորս գիտենք, որ Հովհաննես Ավետարանչին աքսորեցին Պատմոս կղզի։
Բայց ի՞նչ եղավ դրանից առաջ։
Նրա վարքագրության մեջ և պատմական աղբյուրներում նշվում է, որ դրանից առաջ նրան փորձել են սպանել։
Հռոմեական կայսր Դոմիտիանոսի ժամանակ, նորից սկսվեցին քրիստոնյաների հալածանքները։ (Ներոնից հետո համարվում է քրիստոնյաների երկրորդ հալածիչը)։
Լսելով, որ Հովհաննես Առաքյալը քարոզում է Եփեսոսում, Դոմիտիանոսը հրամայեց մահապատժի ենթարկել նրան։ Կայսեր հրամանով առաքյալին տրվեց մահացու թույն, բայց Տերը պաշտպանեց նրան և թույնը չվնասեց Սուրբ Հովհաննես Ավետարանչին։
Եփեսոսի կռապաշտական տաճարի քուրմը, Սուրբ Հովհաննեսին տվեց թունավորված բաժակը, իսկ Աստվածաբանը խմեց և ողջ մնաց, քանզի գրված է.
«Ձեռքով օձ կբռնեն, և եթե մահացու որևէ թույն խմեն, չեն վնասվի, հիվանդների վրա ձեռք կդնեն և կբժշկեն» (Մարկոս, 16:18:)։
Ասում են, որ դրանից հետո քուրմը ապաշխարում է և դառնում քրիստոնյա։
Այնուհետև Սուրբ Հովհաննեսին նետում են եռացող յուղով կաթսայի մեջ, բայց այս անգամ էլ առաքյալը անվնաս է մնում։ Այս ամենից հետո, երբ տեսնում են, որ առաքյալն ամեն անգամ անվնաս է մնում, նրան աքսորում են Պատմոս կղզի, որտեղ էլ գրվում է Հայտնության գիրքը։
«Ես՝ Հովհաննեսը՝ ձեր եղբայրը և Հիսուս Քրիստոսի միջոցով ձեր վիճակակիցը նեղության, թագավորության և համբերության, եղա Պատմոս կոչվող կղզում՝ Աստծու խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար» (Հայտնություն, 1:9)։
Հովհաննես Դպիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ